Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԱԹՈՌ ՎԵՐԵՎԱԿԱՆ

ԱԹՈՌ ՎԵՐԵՎԱԿԱՆ
23.12.2011 | 00:00

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գյուղի երկնքով թռչող սավառնակները վաղուց չեն զարմացնում, ու ոչ մի ծերունի, երեխայի նման փսլինքը շաղ տալով, չի ասում. «Այլոպլան, ինձ համար թուղթ գցի՜...»: Չի զարմացնում և ոչ մի բան, անգամ էն, որ գյուղ եկած չտեսը ոտքը երեսին դեմ է անում ու գործարար մարդու տոնով ընդամենը մի բջջայինով, որը հեռախոս է, փորձում է Երևանի, Փարիզի, Մոսկվայի, Իտալիայի, բա ո՜նց, հենց Ամերիկայի հետ վաղուց սկսած կապերը ճշտել. գործարար մարդու համար օտար մարդ չկա` բոլորը հարազատ են, եղբորից էլ թանկ օտարներ։ Գործարարությունը հատուկ բառեր ու արտասանելու ընտիր ձևեր է հուշում։ Զարմանալու բան չկա, որովհետև ամբարը լիզած մի տան աղջիկ ախպոր հետ հայտնվում է Իտալիայում, ախպերը քրոջն ամուսնացնում է իտալական մի քաղաքի քաղաքապետի տղայի հետ, չանցած երկու օր, երկու շաբաթ, երկու ամիս, երկու տարի քաղաքապետն ու նրա ընտանիքը չեն զսպում հիացմունքը` երազում անգամ նման աղջիկ չէինք տեսնի։ Եվ գյուղի հարազատներն սկսում են ապրել։ Քաղաքապետի տղան ուզում է տեսնել ոչ միայն Հայաստանը, այլև էն շրջանը, էն գյուղը, էն տունը, ուր ծնվել է իր հուրի փերին։ ՈՒ թե գյուղի երիտասարդը կամ հենց ծերունին բջջայինով կապվում են Եվրոպայում, Ռուսաստանում, այլ աշխարհամասերում աշխատանք որոնող ու իրենց վաղուց հաստատած հարազատների հետ, չեն մոռանում հիշեցնել, որ մարդս պիտի աշխատասեր լինի, հետն էլ պիտի ղսմաթ ունենա։ Օրինակը պատրաստ է. բա, իմացած լինես, մեր գյուղի աղջիկն ամուսնացել է քաղաքապետի տղայի հետ, իտալացի փեսան էլ իր աներձագին, իր կնոջ ախպորը մի էնպիսի գործի է դրել, որ դու սուս։ Այ, նման բաներն են զարմացնում, թե չէ` երկնքով անցնում է կռունկների չուն, ամառվա կեսին մեր մեծ սարը ձնեց, սավառնակը վերադարձի ճամփա սարքելով թռչում է մեր երկնքով...
Գյուղում մարդ էլ չմնա, մեկ է, մեր սարերը, ծմակները, ջրերը, հենց երկինքը կպահեն մեր բարբառը։ Հարազատ պատկեր է, երբ կանչ ես լսում, կանչի վրա դուրս ես գալիս տան շեմ, մի երկու ոտք առաջ գնում, ձեռքդ տանում ճակատիդ, ձենը չես ճանաչում, փորձում ես զգալ, թե որ ցեղից կլինի։ «Գյուղամիջում կանչում են։ Ձեր հորաքրոջ տղա Սեյրանը շատ խատատ կանչում է»։ «Հա» եմ ասում, «լսեցի» եմ ասում, բայց կանչողը ստուգում է. «Լսեցի՞ք»։ Լսեցի, էն էլ ո՜նց` տարիների կարոտով։
Հորաքրոջս տունը գյուղամիջում է արդեն հարյուր տարի։ Քառանց տներն են, դպրոցի մոտ։ Մի դասատու էլ իմ հորաքույր Արզուքանն էր։ «Տղա ջան, էս ժամին դու էստեղ ի՞նչ գործ ունես։ Էս ժամին դու պիտի դասի նստած լինես։ Իմ Սեյրանս` դասի, իմ Սամսոնս` դասի, իմ Սարվանս` դասի, իմ Անդրանիկ ախպոր երեխաները` դասի, իմ Իգնատի մեծը` դասի, աղջիկը` դասի։ Կարող է սովա՞ծ ես»։ Մտքումս ասում եմ` սոված եմ, բա ի՞նչ եմ։ Հորաքույրս շարունակում է. «Կարող է դասերդ չե՞ս սովորել»։ Մտքումս ասում եմ` ո՛չ տետր ունեմ, ո՛չ դասագիրք ունեմ, դպրոցի սովորածով եմ, գիտեմ, դպրոց պիտի գնալ տան սովորածով։ Իմ հորաքրոջ ամուսինը` Քառանց տղա Մանթաշը, պատերազմից չեկավ։ Հորաքույրս ո՜նց մեծացրեց իր զավակներին... Հուշերի գիրկն ընկա, ժամանակների խտիտն ընկա։ ՈՒ նորից կանչ. «Սեյրանը կանչում է, ասում է` շուտ արի, ձենձենելով իմաց է անում, ձեռիդ համարը չունի։ Ասում է` խատատ արի»։
Եթե գյուղամիջից ձեն են տալիս, ուրեմն պիտի գնաս։ Ասում են` շրջկենտրոնից շատ կարևոր մարդ է եկել, կատարածու կար մի ժամանակ, մի շատ կարևոր պաշտոն ու մանավանդ ձայն պակասեց գյուղում։ Ով էլ լինի կանչվորը, դառնում է շատ կարևոր անձ. շրջկենտրոնից հատուկ վեր են կացել ու եկել։ Թեկուզ բռնելը, ձեռքերը քամակին կապելն ու տանելը մարդուն դարձնում են անունավոր։ Կամ բռնելու եկած կլինեն, կամ պաշտոն տալու, կամ մի բան իմանալու։
Ինձ չեն բռնի, պաշտոն չեն տա, ինչ գիտեմ, որ ինձնից ինչ իմանան։ Ես Երևանում եմ ապրում, հորաքրոջ Սեյրանը` անունը շուտ-շուտ փոխող Լոռու քաղաքում։ Ապրեն ախպերները` չեն թողնում, որ տունը փակ մնա. պատմաբան Սամսոնն ուսումնասիրությունների, գրքերի, հոդվածների տակ ոչ միայն կարող է գրել տարի ու ամիս, այլև տեղանուն` Ահնիձոր։ Անգամ` հայրական տուն` պապ Սմբատի տուն, հայր Մանթաշի տուն։ Սմբատը մեր գյուղում միշտ եղել է Սումբաթ։
Սեյրանի հետ ի՞նչ պիտի խոսենք։ Ամենից շատ` հիշո՞ւմ ես։ Մանկություն ունեցողներս, երբ հանդիպում ենք ծեր հասակում, ինչ էլ հիշենք, պիտի նայենք իրար աչքերի ու հարցնենք` իսկ էս բանը հիշո՞ւմ ես։ Մեկի մանկությունը, որի տերը Մեծ հայրենականի տարիներն էին, ոչինչ էլ չես կարող մոռանալ։ Խոսքի կարոտ, հացի կարոտ, քո հերն եկավ, իմ հերը չեկավ, իմ հորեղբայրը չեկավ։ Պատերազմ գնացած, անգամ հերոսի կոչման, մեդալների արժանացած, զոհված և ոչ մի տղամարդ էլ հերոս չէ, հերոսը թիկունքում մնացած մայրերն են, աղջիկներն են, աղոթող, քրթմնջացող նախնիներն են։
Գյուղամեջ տանող ճամփի տներին մեկիկ-մեկիկ նայելով, ամեն տան շեմին մի բուխարի, մի կրակ վառելով, տան պահած երեխաներին հիշելով` հասա գյուղամեջ։ Սեյրանը մարդ է դարձել` գյուղամիջի իր տանը նստել ու մարդ է կանչում, ես էլ մարդ եմ դարձել, ինձ հիշել, կարևորել են` կանչում են։ Առաջին անգամ դպրոց եմ հասել, է՜, վաթսունյոթ, թե վաթսունութ տարի առաջ։ Մեր տունը գյուղի ծայրին էր, վերջին տունն էր։ Գյուղամիջի տղերքն ավելի աչքաբաց են լինում։ Անգամ շրջկենտրոններից եկած պաշտոնավոր մարդիկ են տեսնում, ձիավոր են տեսնում, մեքենա ու մեքենայով եկած են տեսնում։ Բա որ շրջկենտրոնից եկած պաշտոնավորը մեկի - նախագահի, կուսքարտուղարի, պահեստապետի, ֆերմայի վարիչի, բրիգադավարի - տանը մնացած է լինում, տեսնեիր պիտի, թե ինչպես է ձիավորվում, թևավորվում, սամալյոտի գնում էդ բախտավոր տան երեխան։ Մեր խեղճ տանն ո՞վ պիտի մնա...
Հասա հորքուրիս տուն։ Տեսա Սեյրանիս ու... հենց էստեղ էլ սկսվեց էս պատմության պատմությունը։ Կրակ են վառել։ Տղերքը մսագործ են։ Ողջագուրվում ենք Սեյրանի հետ։ Կրակին է նայում, նոր մորթված գառը դառնալու է խորոված, խաշլամա։ Արդեն ծոռնատեր Անուշիկն ուզում է կարգին հարսնություն անել։ Ա՜խ, տարիքը։
-Ճանաչեցի՞ր,- ճաշի պատրաստություն տեսնող եղբայրներին նայեց Սեյրանը,- Ալբերտի տղաներն են։ Երբ էլ գյուղ եմ եկել, Ալբերտը գառ է մորթել, ոչխար է մորթել։ Հիմա Ալբերտը չկա, հոր գործը տղաներն են անում։ Ավանդույթը չի խախտվում։ Հը՞, հիշո՞ւմ ես մեր մանկությունը, դպրոցը...
Պատասխանում եմ մտքիս մեջ։
-Հիշո՞ւմ ես...
Չգիտեմ, թե հիմա էլ ի՞նչ է հիշեցնելու, մտքիս մեջ լավ էլ ասում եմ.
-Հիշում եմ, ո՜նց չեմ հիշում։
Եվ էնքան հարցրեց` հիշո՞ւմ ես, հիշո՞ւմ ես, որ մի պահ թվաց, թե մանկության ապրած-չապրած օրերի խաչբառն է լրացնում։ Աչքերի մեջ թաքցրած փոքրիկ խորամանկությունը մատնում է։ Մի բան է հարցնելու, որի պատասխանը չեմ գտնելու։ Եվ ինքը հաղթելու է։ Դե, գյուղամիջում ապրող տղան ավելի շատ բան կիմանա։ Եվ անցավ հրամանի.
-Բաժակ բաժակի ենք տալու։ Մեկ էլ տեսնես ե՞րբ ենք հանդիպելու։- Սեղան նստելուց առաջ... նայեց ջրի ծորակին։- Լվացվիր, մեր բերած ջուրն է։- Հետո թևս ընկավ, մի քիչ քայլեցինք։ Գյուղի ամենաուժեղ տղան էր, պտտաձողի տիրակալն էր։ Ձգում` մեկ, երկու, երեք... Հիսուն... Վաթսուն... Պտույտ... Մեկ... Երկու... Երեք... Տասը...
-Հինգ րոպեից խորովածը կլինի,- ալբերտավարի ասաց Ալբերտի տղան։
Սեյրանն ականջիս բան ասաց։
-Ի՞նչ,- չգիտեմ` լսեցի՞-չլսեցի՞, բայց հարցը կրկնել տվեցի։
-Մտիր զուգարան։
-Կարիք չեմ զգում։
-Կարիքի համար չէ։
-Էլ ինչո՞ւ։
-Տեսնելու։
-Ի՞նչ տեսնելու։
-Տեսնեմ` հիշո՞ւմ ես։
Խաչբառը չի ավարտվել։ Լրացնելու տեղ կա։ Ինձնից մի տարով մեծ է։ Ասածը պիտի լսեմ։ Դե, քաղաքում ենք ապրում, թեև գյուղում ենք մեծացել, սովոր ենք։ Հիմարություն է, երբ ասում են` երջանիկ ծերություն կամ` վայելում է իր երջանիկ ծերությունը։ Ճիշտը պիտի լիներ` մեծացիր, Սիմոն ծերունի դարձիր, բայց մի ծերացիր։ Երանի առողջ ծերունիներին։ Վա՜յ նրանց, ովքեր ջահել-ջահել ծերանում են։ Հիմար, տկար ծերություն։ Հանդ ու չոլերում պպզելու սովոր նախկին գյուղացին, երբ մի երկու օրով գյուղ է գնում, ասես միակ հոգսը էն է լինում, թե ոնց պիտի հոգա բնական պահանջները։ Բա որ քաղաքում ծնված կնոջն էլ հետն է տանում։ Հիմա մեր անտերմնա տարիքն է։ Եվ Սեյրանը նայում է սեղանը կարգավորող կնոջը։ Կինն աչքի պոչով մարդկանց է ականում, ապա նայում է սպասքը, մտքում ասում է` էստեղ կնստի ամուսինը, կողքին (ինձ է նայում), մի սպասք թող ավելի լինի` մեկ էլ տեսար մեկի զոքանչը նրան շատ է սիրում։ Իսկ Սեյրանի միտքը պարզ է` ամուսնության օրից մինչև հիմա կնոջը լավ է նայել. արդեն ծոռնատեր են, իրար հիմա ավելի պետք են։ Էնպես չէ, որ Ալբերտի տղերքը գառը բերեն, սյունից կապեն ու գնան։ Իրենց ձեռքով պիտի մորթեն, ասեն` էս խաշլամացուն, էս խորովածացուն, էս էլ ճաշացուն` էգուց, էլօր ձեր ձեռքերով ձեր ուզած ճաշը կեփեք։ Բնության գրկում էլ են շատ ուրախացել, բայց հիմա էն են հասկանում, որ տունն էլ է ուրախություն սիրում։
Բացում եմ զուգարանի դուռը։ Էսպես էլ պիտի լիներ։ Մերոնք զուգարան չէ, արտաքնոց են ասում։ Լավ էլ արել է, որ փոքրիկ կողպեք է կախել։ Թե չէ գյուղամիջում ոտը կախ գցած ամեն մեկը կարող է պարծենալ` Քառանց Սեյրանի զուգարանից ես էլ եմ օգտվել։ Ջանջալ մարդիկ են լինում։ Սեյրանն ուզում է էս գործը ջանջալության չհասցնել։ Հենց հասցնի պատմել, ինքը նորից հերոս կդառնա, մեր հանդիպման կենացից հետո կառաջարկվի իր հերոս կենացը։
-Հիշո՞ւմ ես...
-Ի՞նչը։
-Արտաքնոցում արտակարգ ի՞նչ տեսար։
-Արտակարգ... Ոչինչ։ Աթոռ էր, հարմարեցված։
-Աթոռ, իհարկե, աթոռ։ Բայց քանի՞ տարվա աթոռ է, ի՞նչ աթոռ է, ովքե՞ր են նստել էդ աթոռին։ Պատմությունը սիրում է ճշգրտություն։ Պատմության տերն այսօր ես եմ։ Ես շարունակում եմ պատմությունը իմ ձևով...
Ոգևորված է, բայց կարողանում եմ ընդհատել.
-Սեյրան, ասելիքդ ասա։
-ՈՒզում եմ իմանալ` հիշո՞ւմ ես էս աթոռը։
-Ի՞նչ պիտի հիշեմ։
-Հանաք մասխարություն չէ էս աթոռին նստելը։ Դե, ես գյուղամիջի տղա եմ եղել, շատ բան եմ տեսել, շատ բան եմ հիշում։ Էս աթոռին ժամանակին նստել է... Թե ասես` ո՞վ, կասեմ` այ ապրե՜ս։
-Դե, եթե պատմական աթոռ է, ուրեմն նախագահներից մեկը նստած կլինի։ Հո օրվա հացի կարոտ մեկի նստելով պատմական չի դառնա։
-Ապրես, տրամաբանում ես։ Բայց մինչև մեր գյուղի նախագահի նստելը ով ու ովքե՞ր են նստել, դա է պատմությունը դարձնում հետաքրքիր։
-Սեյրան, վաղը քեռոնցդ տների վրա գնալու ենք, զրույց կանեք։ Հիմա կամաց-կամաց տեղավորվեք,- Անուշն է։
-Հացը չի փախչի, բայց պատմությունը կփախչի,- փիլիսոփայում է Սեյրանը։- Ես կարճ եմ կապելու, թող հասկացողը երկար հասկանա։ Պապոնց տներում էլ ուրիշ զրույցներ կանենք։ Էս տարիքում ոչ մի զրույց պիտի չկորցնես։ Բայց էս մեկը հատուկ է, առանց պատմելու չի լինի։
ՈՒ նա նստեց իր աթոռին... Ինչպես ձիավորն է նստում ու բարձրանում։ Ձիավորը երգելով սար է բարձրանում, ձիավորը մեկնում է` ձիավոր-հրացանավոր է, կա՛մ ինքը կխփվի, կա՛մ ձին, կա՛մ երկուսն էլ, կա՛մ երկուսով էլ կհաղթեն։ Ինչպես ինքնաթիռն է երկինք բարձրանում։ Սեյրանս քաջաբար նստեց իր աթոռն ու, ինչպես հեքիաթներում են ձի ու գորգ նստում, գյուղի գրասենյակի մոտից թռավ ու... Երկնքի տերն է, պատմության տերը։ Ինքը լսել է, ինքն իր աչքով է տեսել։ Սա հատուկ աթոռ է։ Ալավերդու գործկոմի նախագահը հատուկ նվիրել է «Կարմիր ճառագայթ» կոլտնտեսության նախագահին ու ասել է. «Սա ինքը հատուկ ստացել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Մացակ Պապյանից»։ Մացակ Պապյանն ասել է. «Մոսկվայում կոլտնտեսականների համամիութենական համագումար էր»։ Հայր Ստալինն ասել է` «Մացակ Պետրովիչ, հատուկ քեզ եմ նվիրում էս աթոռը։ Կնստես, հավեսդ կհանես, ապա հանդիսավորությամբ կհանձնես Լոռու շրջաններից մեկի գործկոմի նախագահին։ Թող նա էլ` նստել-հավեսը հանելուց հետո, հանձնի մի լավ կոլտնտեսության նախագահի։ Թող բոլորն իմանան, որ ես` ժողովուրդների հայր Ստալինս եմ նստել էս աթոռին»։

Սեյրանը հպարտությամբ էր խոսում։ Թվում էր` կա՛մ աթոռն է ինքը եղել, կա՛մ աթոռին հեծնող հայր Ստալինը, կա՛մ մեր գյուղի նախագահը։ Աթոռ, աթոռ, աթոռ։ Շատ իշխանատենչների գլուխ ու հետույք մաշած աթոռ։ Եվ նստողը ո՜նց էր հպարտանում` հայր Ստալինն է նստել, է՜... Ով կարող է մի խոսք ասել նրան, ով պաշտոն ունի, ով նստել է էն աթոռին, որին կպել է առաջնորդի... Ըըըը՜, ըըը՜...
Աթոռ, ի՜նչ աթոռ։ Գրասենյակ է, երբեմն բաց է մնացել, և գյուղամեջ, գրասենյակ գնացած միամիտ մեկն աչքերին չի հավատացել, որ աթոռը տեղում է, իսկ նստողը չկա, դուռն էլ բաց է։ ՈՒսի վրայից նայել է` աչք չկա, տեսնող չկա, ինքն իրենից թաքուն մտել է գրասենյակ, մոտեցել է աթոռին, նստել է աթոռին ու... հի՜, հի՜, հի՜... Երեկոյան գրասենյակ են կանչել։
-Աթոռը ես տեսել եմ Քարամանց չափարի մեջ։ Երեքոտանի էր դարձել, չափարը ամրացնում էր։ Վերցրի։ Մի ոտ էլ իմ կողմից ավելացրի։ Լավ մաքրեցի։ Սովորական աթոռ դարձավ։ Մի երկու անգամ էլ սեղանի շուրջը տեղ գրավեց։ Հետո... Վերջնական նկարագիրը ես որոշեցի։ Մանկության ժամանակ ես էլ եմ երազել նստել էդ աթոռին։ Անհերին, զոհվածի տղային ո՞վ է աթոռ տվողը։ Թեև դժգոհ չեմ. երեք ախպերս էլ, մանավանդ Սամսոնը, լավ աթոռների տիրացան։ Բայց տիրանալը հիմա դու տես։ Ամեն առավոտ նստում եմ ու... Հերն անիծած։ Ես վախ չունեմ։ Ես աթոռ ունեմ։
-Սեյրան... Մարդուն հացի ես կանչե՞լ, թե՞ գլուխդ գովելու։
- Եղավ, Անուշ ջան,- ժպտաց Սեյրանը,- դեպի սեղանը, սա քո տեղը, սա էլ իմ։ Իսկ պատմածս թե կարողանաս դարձնել պատմվածք, ես ուրախ կլինեմ։ Ես գլուխ չեմ գովում, ես նստում եմ էն աթոռին, որին ժամանակին նստել են... Հլա ասա` Ստալին։ Ստալին, Ստալին, համ հիմա ես ուզում, համ կալին, բա ես ոնց պահեմ իմ պուճուր բալին։ Ամեն թեմայով կարելի է գրել, նայած ոնց ես գրում։ Դե, առաջին բաժակով խմենք մեր հանդիպման կենացը։
Աթոռ վերևական։ Վերևից եկած իշխանավոր-պաշտոնյա է լինում։ Լինում է նաև վերևից եկած աթոռ։ Ամեն մարդու բախտ չի վիճակվում նստել մի աթոռի, որն արժանացել է հայր Ստալինի նստուկին։
Ժողովրդանվաճ իշխանավորները շատ բան ունեն սովորելու պրոլետարիատի մեծ առաջնորդ Լենինից, որն իր ծամած հացի պատառն էր տալիս երեխաներին ու ժողովրդին, Ստալինից, որն իր ղեկավարող աթոռն էր տալիս ժողովրդի ընտրյալ ղեկավարներին։

Դիտվել է՝ 2621

Մեկնաբանություններ